ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանն անվանել է գլխավոր սպառնալիք Մերձավոր Արեւելքում ու ասել, որ Թեհրանին դիմակայելը ամբողջ տարածաշրջանում խաղաղության հասնելու բանալին է, տեղեկացնում է AP-ը։

Պոմպեոն, որ մեկնել է Վարշավա՝ մասնակցելու Մերձավոր Արեւելքին նվիրված կոնֆերանսին, դրա բացումից առաջ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Նա ասել է, որ Իրանին «դիմակայելը» առանցքային նշանակություն ունի տարածաշրջանի մյուս բոլոր հարցերը լուծելու համար։ «Չի կարելի հասնել խաղաղության եւ կայունության Մերձավոր Արեւելքում՝ առանց Իրանին դիմակայելու։ Դա պարզապես անհնար է»,- ասել է Պոմպեոն։

Իսրայելի վարչապետը բարձր է գնահատել արաբ բարձրաստիճան անձանց մասնակցությունը կոնֆերանսին՝ ասելով, որ միջոցառումը նշանավորում է «պատմական շրջադարձային պահ» տարածաշրջանային առաջնահերթությունների փոփոխության հարցում։

ԱՄՆ-ը եւ Լեհաստանը կոնֆերանսի հովանավորներն են, որը, ըստ նրանց, ուղղված է Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ անվտանգության աջակցությանը, բայց դրա գլխավոր թիրախը Իրանն է։ Թեհրանը միջոցառումն անվանել է հակաիրանական «կրկես», որի նպատակն է Իրանը «դեմոնացնելը»։

Վարշավայում հանդիպմանը մասնակցել է ավելի քան 60 երկիր, բայց խոշոր եվրոպական տերությունները, ինչպիսին են Գերմանիան եւ Ֆրանսիան, որոնք 2015 թվականի միջուկային համաձայնագրի մասն են կազմում, հրաժարվել են ուղարել իրենց դիվանագետներին։