Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Սոչիում հայտարարել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությանը հասնելու պայմանը Մանբիջից եւ Եփրատից արեւելք ընկած տարածքից քրդական կազմավորումների դուրսբերումն է, հայտնում է NTV-ն:

Նրա խոսքով՝ մեծ նշանակություն ունի Սիրիայում ահաբեկչական կառույցների վերացումը, ու այս առումով Թուրքիան եւ Ռուսաստանը պետք է «կազմակերպված գործեն»: «Մինչեւ դրանք չհեռացվեն Եփրատի Արեւելքից, եւ մինչեւ այդ տարածքները չփոխանցվեն Սիրիայի օրինական իշխանություններին, ոչ մի անդորր չի ստեղծվի»,- կարծում է Էրդողանը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան պետք է կոորդինացնեն անվտանգության գոտու ստեղծման ջանքերը: Նա գլխավոր փորձություններից մեկն է համարել «ԱՄՆ զորքերի դուրսբերումը» Սիրիայից՝ նշելով այս որոշման իրականացման անորոշությունը:

«ԱՄՆ-ն հայտարարել է, որ կսկսի Սիրիայից զորքերի դուրսբերումը: Սա անչափ կարեւոր քննություն է: Անորոշությունը շարունակվում է, թե այս գործընթացն ինչպես է իրականացվելու: Կարծում եմ, որ այս իմաստով անհրաժեշտ է միասին աշխատել»,- ասել է նա: Էրդողանն ընդգծել է, որ նման դուրսբերումը ենթադրվում է, բայց «իրականում դեռեւս չի երեւում»: