Հարկավոր է ուշադրության առնել Թուրքիայի մտահոգությունը քրդերի առիթով, բայց Իրանը միջազգային սահմանին սիրիական ուժերի տեղակայումն անհրաժեշտ է համարում, ՌԴ-Թուրքիա-Իրան եռակողմ գագաթաժողովում ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Հարկավոր է, իհարկե, ուշադրություն դարձնել Թուրքիայի կառավարության մտահոգությանը, մենք հասկանում ենք այդ անհանգստությունը, բայց եւ այնպես, կարծում ենք, որ համագործակցությունը Սիրիայի լեգիտիմ կառավարության հետ եւ սիրիական ուժերի տեղակայումը միջազգային սահմանին այդ անհանգստությունը ցրելու ամենակայուն միջոցն են»,- ասել է նա։

Ըստ նրա՝ այժմ արդեն սիրիական տարածքների մեծ մասում խաղաղություն եւ անդորր է հաստատվել։ Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այդ ռեժիմը հարկավոր է տարածել նաեւ Իդլիբի տարածքի վրա։ «Հիմնականում բոլոր տարածքներում խաղաղություն եւ անդորր է։ Եվ միջազգային իրավունքի շրջանակներում, խուսափելու համար մարդկային աղետներից, դա նաեւ պետք է տարածել Իդլիբում ու Եփրատի հյուսիս-արեւելքում, հարկավոր է խաղաղություն եւ անդորր տանել այնտեղ»,- ասել է Ռոհանին։