Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մարմինը կարող էին թոնրի մեջ այրել։ Այս մասին ասվում է Ստամբուլի անվտանգության վարչության զեկույցում՝ հայտնում է «Անադոլուն»։

Զեկույցի համաձայն, 15 հոգուց բաղկացած հատուկ ջոկատը, որը սպանության օրը Ստամբուլ է ժամանել Սաուդյան Արաբիայից, մարմինը տեղափոխել է գլխավոր հյուպատոսի առանձնատուն, որտեղ երեք ջրհոր կա։ Դրանցից երկուսն օգտագործվում են ջրի պահպանման համար, իսկ երրորդը՝ որպես թոնիր։

Թոնիրն, ըստ զեկույցի, հավանաբար սպանությունից մի քանի ժամ հետո օգտագործվել է միս պատրաստելու համար։

«Նրանք Ստամբուլում հայտնի ռեստորանից 32 բաժին միս են պատվիրել։ Արդյո՞ք մսի պատրաստումը նրանց ծրագրի մի մասն է եղել ի սկզբանե։ Այս հարցերին պատասխան կտրվի»,- ասվում է զեկույցում։ Ոստիկանության աշխատակիցները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ մարմինը, հավանաբար, անդամահատելուց հետո են այրել։