ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին երկրի հարավ-արեւելքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, ինչի հետեւանքով զոհվել է 27 մարդ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խորապես ցնցված եմ Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում ավտոբուսի վրա ահաբեկչական հարձակման լուրից, որը մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձավ:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և բարեկամ Իրանի ողջ ժողովրդին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ:

Խնդրում եմ իմ սփոփանքի խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին՝ մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-նշվում է հեռագրում:

Հիշեցնենք, որ նախօրեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականներին տեղափոխող  ավտոբուսի պայթյունի հետեւանքով զոհվել է 27 զինվոր, եւս 13-ը վիրավորվել են: Ականապատ մեքենայի ղեկին գտնվող մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել էր Սիստան Բելուջիստան նահանգում ԻՀՊԿ-ի ավտոբուսի մոտ, որն իրականացնում էր Խաշ-Զախեդան երթուղին: Պայթյունի համար պատասխանատվություն է ստանձնել «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը: