Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեղմ ժամկետներում է իրականացրել արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական միջոցառումները։ Այս մասին փետրվարի 15-ին, Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում,  «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելիս, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նրա խոսքով՝ 12 օրվա ընթացքում ընտրական գործընթացի ավելի քան 16000 կազմակերպիչներ վերապատրաստվել են։ Բացի այդ, ընտրական գործընթացի ժամկետների խախտումներ նույնպես չեն եղել։ Ընդ որում՝ Մուկուչյանը նշել է, որ քվեարկությունից առաջ եւ հետո միջազգային եւ տեղական բոլոր դիտորդները լիարժեք մշտադիտարկել են նախընտրական եւ ընտրական գործընթացը։ «Գործընթացը կազմակերպված էր բավական բաց, ներկա էին դիտորդներ եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ»,- ընդգծել է ԿԸՀ նախագահը։