Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում դարձել են առաջնահերթ ուղղություն պետության չմիջամտելու արդյունքում։ Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ դրա արդյունքում մենք այսօր կարող ենք խոսել այն մասին, որ Հայաստանում կարելի է հեղափոխություն կատարել էլեկտրոնային առեւտրի ոլորտում։ «Դրա համար անհրաժեշտ է գրագետ տնտեսական քաղաքականություն վարել, որպեսզի ինտերնետ առեւտրի հնարավորությունները չդառնան չարիք։ Հարկավոր է խթանել արտահանումը, որպեսզի բնակչությունը կարողանա ոչ միայն գնել ապրանք դրսից, այլեւ վաճառել»,- ասել է նա։

Փորձագետն ընդգծել է, որ հարկավոր է արտոնություններ տալ այն ընկերություններին, որոնք ցանկանում են գործունեություն ծավալել ինտերնետում եւ այնտեղ արտադրանք վաճառել։ «Դրա համար կարեւոր է բարձրացնել հասարակության կրթվածության մակարդակը, ինչպես նաեւ զբաղվել անհրաժեշտ ենթակառուցվածքի կատարելագործմամբ»,- նշել է նա։