Հայաստանի կառավարության ծրագրում բացակայում է Արցախի Հանրապետություն հասկացությունը, եւ դա հարցեր է առաջացնում։ Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հայ դատի» եւ ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ դա կրկնում է նախորդ իշխանությունների մոտեցումը։ Բացի այդ, չկա Ղարաբաղի միջազգային ճանաչման անհրաժեշտության դրույթ։ «Այնինչ, Հայաստանը պետք է իր քաղաքականությամբ նպաստի դրան, այդ թվում համագործակցության մասին համաձայնագիր կնքելով»,- ասել է նա։

Մանոյանը հավելել է, որ ծագել է իրավիճակ, երբ կարելի է խոսել Մադրիդյան սկզբունքների բացակայության մասին։ «Ինչպես ասաց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը, ոչ ոք այդ սկզբունքների մասին չի խոսում։ Բայց նման անորոշությունը հարցեր է առաջացնում։ Ադրբեջանը ցույց է տալիս, որ հանդիպումներ է անցկացնում Հայաստանի հետ եւ սահմանին լարվածությունը թուլացնելու քայլեր է ձեռնարկում։ Բայց դա չի կարող երկար տեւել։ Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի համաձայնի, որպեսզի Ղարաբաղը մասնակցի բանակցություններին՝ հաշվի առնելով, որ իրենց անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը»,- պարզաբանել է նա։

Միաժամանակ, քաղաքական գործիչն ընդգծել է, որ Հայաստանին Ղարաբաղի միանալու հայտարարությունը կարող է ժամանակավրեպ լինել եւ հանգեցնել հետեւանքների։ «Կարեւոր քայլ կարող է լինել համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը եւ հետագայում՝ Ղարաբաղի անկախության ճանաչումը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները պետք է արտացոլվեն փաստաթղթերում։ Դա կարող է հանգեցնել Բաքվի դժգոհությանը, սակայն պետք է դառնա ղարաբաղյան հարցի առաջմղման առաջին քայլը։ Հարցի խաղաղ կարգավորումը չի նշանակում, թե անպայման պետք է Ադրբեջանի համաձայնությունը՝ հաշվի առնելով այն դիրքորոշումը, որը ցուցադրել են Բաքվի իշխանությունները»,- ասել է ՀՅԴ ներկայացուցիչը։

Կիրո Մանոյանը նշել է, որ երկրի վերջին ղեկավարը, որ խոսել է տարածքներ հանձնելու մասին խաղաղության դիմաց, Լեւոն Տեր-Պետրոսյանն է եղել։ «Նիկոլ Փաշինյանը նման բան չի ասել։ Եթե Բաքվում այդպես են մեկնաբանում, դա նրանց խնդիրն է»,- բացատրել է նա՝ հավելելով, որ դժվար է պատկերացնել, որ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնարավոր է գտնել բոլորի համար ընդունելի ձեւաչափ։