Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 15-ին աշխատանքային այց է կատարել Ասկերան քաղաք։

Այցի սկզբում պետնախարարը մասնակցել է Ասկերան քաղաքային համայնքի հաշվետու ժողովին։ Հիմնական զեկուցող քաղաքապետ Սամվել Աղաջանյանը ներկայացրել է Ասկերանին վերաբերող սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական առանցքային ցուցանիշները եւ տակավին լուծման սպասող խնդիրները։ Այսպես՝ հաշվետու 2018 թ․-ին Ասկերանում գրանցվել է 45 ծնունդ, համայնքային բյուջեով սահմանված մուտքերն ամբողջությամբ ապահովվել են, աճ է արձանագրել այգեգործությունը, ի մասնավորի՝ նռան մշակությունը։ Ս․ Աղաջանյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ՝ նռան բերքի ծավալներն աճել են շուրջ 60%-ով՝ հասնելով 170 տոննայի։ Համայնքի ղեկավարը հավաստիացրել է, որ այս ուղղությամբ աշխատանքների ընդլայնումը շարունակական է լինելու։

Համայնքի առջեւ ծառացած խնդիրների շարքում առանձնացվել են «Ասկերանի շրջանային բուժմիավորում» ՓԲ ընկերության հիվանդանոցային շենքի վերանորոգման, մշակույթի տան շենքի կապիտալ վերանորոգման կամ նորի կառուցման, աղբահանության, կոյուղու եւ որոշ փողոցների լուսավորության հարցերը։

Շնորհակալություն հայտնելով համայնքի ղեկավարին հաշվետվությունը ներկայացնելու համար՝ Գ․ Մարտիրոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ այս տարի շրջանային ճանապարհների բարեկարգման, շինանյութի տրամադրման, ջրային համակարգերի պահպանման եւ շահագործման աշխատանքների մասով վարչակազմի ենթակայության ներքո գործող «Խաչենշին» ՓԲ ընկերության ֆինանսական միջոցներն ավելացվել են՝ սահմանված աշխատանքների ավելի մեծ ծավալ կենսագործելու նպատակով։

Անդրադառնալով հիշատակված այն խնդիրներին, որոնք պետք է լուծվեն կառավարության կողմից՝ Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ ըստ առաջնահերթության բոլորը հայտնվելու են միջնաժամկետ եւ հեռաժամկետ իրականացվելիք անելիքների ցանկում։ Ելույթից հետո պետնախարարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։

Այնուհետեւ Գ․ Մարտիրոսյանն այցելել է Ասկերանի ֆուտբոլային մարզադաշտ, ծանոթացել ընթացող շինաշխատանքներին՝ նոր նստատեղերի, հանդերձարանի եւ այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը (ծանոթություն․ Ասկերանի մարզադաշտը նույնպես հյուրընկալելու է Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ConIFA)՝ հունիսի 1-9-ը Արցախում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը)։

Մարզադաշտից հետո պետնախարարն այցելել է Ասկերան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածք, որտեղ այս տարի մեկնարկելու է նոր բազմաբնակարան թաղամասի կառուցումը՝ բաղկացած 3 շենքից եւ նախատեսված ընդհանուր թվով 45 բնակչի համար։ Կառուցված բնակարաններն իրացվելու են ինչպես պետության կողմից ստանձնած սոցիալական պարտավորությունների շրջանակներում շահառուներին անհատույց տրամադրման եղանակով, այնպես էլ նվազագույն 1%-անոց հիպոթեկային վարկավորմամբ։

Գ․ Մարտիրոսյանը կարեւորել է, որ տարածքային համաչափ զարգացման հայեցակարգի շրջանակներում Ստեփանակերտում եւ շրջաններում բնակֆոնդի ընդլայնման քաղաքականությունն ընթանա համաչափորեն եւ հանրային արդարության սկզբունքի հիման վրա։

Ասկերան կատարած այցի վերջում պետական նախարարն այցելել է նոր կառուցվող հրշեջ կայան, ծանոթացել վերջնական կահավորման շինարարական աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ։

Աշխատանքային այցին մասնակցել են նաեւ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը եւ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։