Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներն այսօր` փետրվարի 15-ին, կրկին փակել են Երեւան – Թբիլիսի երկաթգիծը. Նրանք պահանջում են հանդիպում վարչապետի կամ փոխվարչապետի հետ:

Երկու օր առաջ եւս ալավերդցիները փակել էին երկաթգիծը, նրանց հետ հանդիպել էին  Լոռու մարզպետն ու մարզի Ոստիկանապետը, պայմանավորվել՝ երկաթգիծը բացել եւ հարցը քննարկել փետրվարի 15-ին կայանալիք հանդիպմանը: Դրան պետք է ներկա լինեին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՎՏԲ բանկի ներկայացուցիչը, ACP ընկերության սեփականատերը:

Այսօր սակայն, պարզվեց, որ կառավարության ներկայացուցիչները չեն եկել: Հանդիպմանը եկել էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խաչումյանն ու ACP ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը:

Հանդիպումը կազմակերպվեց Մշակույթի տան դահլիճ: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ փորձում են ներդրող գտնել, բանակցում են երկու օպերատորների հետ: Նա առաջարկեց 4-5 հոգուց կազմված խումբ ձեւավորել, գնալ Երեւան եւ հարցը քննարկել փոխվարչապետի հետ:

Ալավերդցիները պահանջեցին, որ փոխվարչապետն ինքը գա Ալավերդի: «Երկու շաբաթից կգան էլի նույն բանը կասեն: Եթե կար պատասխան, գոնե մի փոխվարչապետ կբարեհաճեր գալ Ալավերդի: Դպրոցում 4 հոգի աշակերտ ցույց ա անում, վարչապետը վեր ա կենում, հասնում էդ դպրո, իսկ մեզ անտեսում են»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ի վերջո, պղնձաձուլարանի աշխատողները որոշեցին դուրս գալ եւ կրկին փակել երկաթգիծը: