Թուրքական կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման որեւէ ցանկություն չի նկատվում։ Այս մասին փետրվարի 15-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարելի է գնահատել Հայաստանի կառավարության ծրագրում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորությունների մասին դրույթի բացակայությունը։

Նրա խոսքով՝ ոչ մի քիչ թե շատ լուրջ քաղաքական դեմք ցայժմ ցանկություն չի ցուցաբերել հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։

«Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դա վաղուց արդեն գոյություն չունեցող փաստաթուղթ է։ Դժվար է կանխատեսել, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում ինչ-որ բան կփոխվի՝ հաշվի առնելով, որ Անկարայի քաղաքականությունը Երեւանի հանդեպ  հիմնված է ճնշման վրա»,- նշել է նա։

Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծել է, որ Թուրքիան մինչեւ հիմա այն կարծիքին է, որ Երեւանը պետք է զիջումներ անի։

«Հայաստանը, հասկանալի է, ինչպես եւ առաջ, չի գնա որեւէ զիջման»,- նկատել է փորձագետը։