Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Զոհրաբ Մնացկանյանը հանդիպեց Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկեցին երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության առավել խորացմանն առնչվող հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու հայ-բրիտանական օրակարգն առավել հարստացելու ուղղությամբ:

Նախարար Մնացականյանը պետնախարար Դանքնին ներկայացրեց Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները եւ ընդգծեց Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը շարունակելու երկրում տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ այդ առումով արժեւորելով Միացյալ Թագավորության կողմից տրամադրվող շարունակական աջակցությունը:

Անդրադառնալով կառավարության առաջնահերթություններին՝ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ Հայաստանի զարգացման օրակարգի գերակայություններն են հանդիսանում տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության խթանումը, նորարարության, ստեղծագործ կրթության ոլորտները՝ համոզմունք հայտնելով, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերը կբացեն համագործակցության նոր հեռանկարներ:

Զոհրաբ Մնացականյանը եւ Ալեն Դանքնը մտքեր փոխանակեցին նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ:

Զրուցակցի խնդրանքով նախարար Մնացականյանը ներայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները՝ շեշտելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման կարեւորությունը եւ իրավիճակի սրմանն ուղղված քայլերից ու ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը: