Facebook-ն ունի հատուկ բաժին՝ «Հսկողության տակ» (Be on lookout), որի մասնագետները մշտապես հետեւում են ընկերությանն սպառնացող օգտատերերին։ Պոտենցիալ վտանգավոր յուզերների տեղաշարժը անհրաժեշտության դեպքում ստուգվում է գեոտեղորոշման համակարգի միջոցով, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով CNBC-ին։

CNBC հեռուստաալիքի տվյալներով՝ սեւ ցուցակ են մտցվում սոցցանցում զայրալից հաղորդագրությունների կամ Facebook-ի հասցեին սպառնալիք պարունակող նամակների հեղինակները։ Ներկա պահին  Facebook-ն արդեն պոտենցիալ վտանգավոր է համարել մի քանի հարյուր մարդու։ Սեւ ցուցակում հայտնվելու մասին ընկերությունը չի տեղեկացնում։ Այսպիսով, մարդը կարող է այդ ցուցակում գտնվել մի քանի տարի եւ անգամ չկասկածել այդ մասին. բաժինը գործում է 2008-ից։

Ցուցակում հայտնվելու կոնկրետ չափանիշներ չկան, որոշումներն ընդունվում են յուրաքանչյուր դեպքի համար՝ կախված հանգամանքներից։ Որպես օրինակ հեռուստաալիքը բերել է այն դեպքը, երբ յուզերներից մեկը սոցցանցում գրել է հետեւյալը. «Վաղը դուք բոլորդ կվճարեք»։ Նրան հետեւել են, եւ երբ պարզվել է, որ գտնվում է նույն երկրում, որտեղ եւ օֆիսը, որին սպառնացել են, տեղի ոստիկանությանը ծանուցել են հնարավոր սպառնալիքի մասին։ Իսկ օգտատերը ներառվել է սպառնալիք ներկայացնողների ցուցակում։