ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքներից երկուսի նկարագրական մասում փոխություն է կատարվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա նշեց, որ որ փոփոխությունը վերաբերվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դրվագներով իր պաշտպանյալին վերագրվող ենթադրյալ գործողություններին։

Նա նշեց, որ փոփոխությունը չի հանգեցրել արաքների իրավաբանական որակման փոփոխմանը, այսինքն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքը չի փոխվել։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 29–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բաղդասարյանի նախագահությամբ՝ անփոփոխ թողեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018թ. դեկտեմբերի 14–ի՝  Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը։ Գեւորգյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։