Ես դատարանից ծանուցագրի եմ սպասում, սակայն ինձ հետ չի կարելի այդ լեզվով խոսել: Փետրվարի 18-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց   Լուսավոր Հայաստան կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով Ազգային ագրարային համալսարանի ռեկտորի հայտարարությունն այն մասին, որ նա Մարուքյանին դատի կտա Ազգային ժողովի ամբիոնից ասված հայտարարությունների կապակցությամբ:

Ընդ որում Մարուքյանը նկատեց, որ ռեկտորը չի հերքել իր հայտարարությունները:

«Մենք միայն ասել ենք, որ նա բարձրացրել է իր աշխատավարձը, ասում էինք, որ թղթերով ամեն ինչ ճիշտ է, բայց դա իմ կարծիքով, հովանովորչական միջոց է եւ կոռուպցիայի տարր: Մենք ասել ենք, որ ԿԳ նախարարը զբաղվի այդ հարցով, իսկ մեզ մինչ այդ ասում են, որ մենք ինչ-որ մեկի նեղացրել ենք, քանի որ այդ ռեկտորը ԿԳ նախարարի մերձավորը չէ: Այսինքն ԿԳ նախարարի մերձավոր լինելը վիրավորակա՞ն է: Շատերը մեզ գրում են. «Իսկ դուք գիտեք, թե ինչ լավ մասնագետ է նա»:Իսկ միթե ես ասել եմ, որ նա վատ մասնագետ է: Մնում է միայն, որ նոր Հայաստանում ամբիոնից ասված խոսքերի համար ինձ դատի տան», - վրդովված ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Մարուքյանը քննադատել էր բուհի նոր ղեկավարությանը,  որը ավելի քան 50 մարդու ազատելու հաշվին կտրուկ բարձրացրել  է իր եւ մի շարք աշխատակիցների աշխատավարձերը: