Հանրային պաշտպան Վահե Եփրիկյանն այսուհետ կպաշտպանի «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի շահերը։ Նման որոշում այսօր՝ փետրվարի 20-ին,  կայացրեց Երևանի ընդհնուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը։

Արմեն Բիլյանը հայտարարեց, որ չի ցանկանում հանրային պաշտան ունենալ, իսկ գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանն էլ իր հերթին հայտարարեց, որ դեմ է այս գործով հանրային պաշտպան ներգրավվելուն։

Դատարանը, հիմք ընդունելով հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի կայացրած որոշումները, որոշում կայացրեց Դիանա Ղազարյանին ազատել Արմեն Բիլյանի և Պավել Մանուկյանի պաշտպանությունը ստանձնելու պարտավորությունից ևՄանուկյանի և Բիլյանի շահերի պաշտպան ներգրավվեց Վահե Եփրիկյանին։

 Այս պահին դատարանը հարցաքննում է գործով տուժողներին։

Հիշեցնենք, որ  «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Նրանք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ: Մասնավորապես՝ Արմեն Բիլյանը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության, իսկ Սմբատ Բարսեղյանը՝ Արթուր Վանոյանի եւ Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ: Իսկ մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։