«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող, ՊՊԾ գնդում պատանդառված ավագ ոստիկան Վիգեն Մարտիրոսյանը չի առարկում, որպեսզի համաներում տարածվի խմբի անդամների վրա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայուրում հայտարարեց նա։ Տուժողի պնդմամբ՝ 2016թ․ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում սահմանափակվել է իր ազատ տեղաշարժը, ենթարկվել է հոգեբանական ճնշումների, սակայն ֆիզիկակա վնաս չի կրել։ 

Մարտիրոսյանն, ով ծառայում է պետական պահպանության գլխավոր վարչության հատկապես կարևորագույն օբյեկտների և հիմնարկ ձեռնարկությունների պահնպանության գնդում,  պատմեց, որ 2016թ․ հուլիսի 17-ին, առավոտյան ժամը 6։20-ի սահմաններում զանգահարել են իրեն և հայտնել, որ տագնապ է հայտարարված և պետք  է անհապաղ ներկայանա ծառայության։

«Հասա Խորենցի փողոցի կամուրջի մոտ՝ նկատեցի, որ «Կռազը» հարվածել է դարպասներին, երբ մի քիչ էլ առաջացա՝ ինքնաձիգով զինված անձինք կանգնացրեցին ինձ, ինքնաձիգն ուղղեցին ինձ վրա, հարցին, թե ով է ինձ ուղարկել,  ստուգեցին գրապաններս, վերցրին հեռախոսս, ասացին, որ մտնեմ անցագրային կետ։ Այնտեղ տեսա Վարդան Եղիազարյանին և Վալերի Օսիպյանին, որից հետո հրաձգություն տեղի ունեցավ, հետո Օսիպյանը եկավ ու ասաց, որ հրաձգության արդյունքում ոստիկաններ են վիրավորել»,-պատմեց նա։

Տուժողը հայտնեց, որ ինքը գնդի տարածքում մնացել է երեք ժամ և ազատ է արձակվել խմբի անդամների հետ  իրավապահների բանակցությունների արդյունքում։

Մարտիրոսյանը նշեց, որ գնդի տարածքում 17-18 անձի է տեսել, ովքեր զինված էին ինքնաձիգներով, «Մակարով» տեսակի արճանակնրով, մարտական նռնակներով։  Նա ասաց, որ առաջինն ում տեսե է ինքնաձիգով զինված՝ Մարտիրոս Հակոբյանն էր, հետո իրեն է մոտեցել Արեգ Կյուրեղյանը։

Նա պնդեց, որ գնդի տարածքում գտնվելու ընթաքում ֆիզիկակա վնաս չի կրել, միայն հոգեբանական ճնշման է ենթարկվել։

«Ամբողջ իրավիճակը վախ ներշնչող էր»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ համաներման մասին օրենքի նախագծով նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, նրանց հանցակցած, այդ նպատակով հանցափորձ արած կամ հանցագործության նախապատրաստության մասնակից, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, որոնք չեն մեղադրվում սպանություն կատարելու համար, եւ եթե համաներման դեմ չեն առարկում պատանդառված, ֆիզիկական վնաս կրած տուժողները եւ նրանց իրավահաջորդները:

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Նրանք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ: Մասնավորապես՝ Արմեն Բիլյանը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության, իսկ Սմբատ Բարսեղյանը՝ Արթուր Վանոյանի եւ Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ: Իսկ մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։