«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող, ՊՊԾ գնդում պատանդառված ոստիկան Վլադիմիր Սիրեկանյանը դեմ է, որ ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց նա։

Ոստիկանը պատմեց, որ 2016թ. հուլիսի 17–ին ՊՊԾ գնդի ներսում ծառայություն էի իրականացնում եւ լսել է «Կռազ» մեքենայի հարվածի ձայնը։

«Հարվածի ձայնը լսեցի՝ կարծեցի, թե վթար  էր, հետո տեսանք մարդիկ ներս մտան, եկան մեքենայիս մոտ՝ ձեռքերս կապեցին, հետո տարան մեր հանգստի սենյակ, էնտեղ մնացի, ճնշումս բարձրացավ, սրտի խնդի։ Տարան հանգստի սենյակ, մյուս ոստիկաններին բերեցին սենյակ, ճնշումս բարձրացավ, հետո ինձ տարան հիվանդանոց։ Իմ մոտ զենք կար, ես թաքցրել էի բատինկայիս մեջ, հետո դրել եմ սեյֆի մեջ։ Ձեռքներս կապած մնացինք, պարոն Օսիպյանը նկատեց, որ իմ ճնշումը բարձրացավ։ Ինքը առաջարկեց, որ ինձ տանեն հիվանդանոց։ Այդ պահին պարոն Փաշինյանը նկարահանում էր, վիդեո կա, կարաք նայեք տեսնե,ք թե ոնց էր Օսիպյանը խնդրում ինձ տանել հիվանդանոց»։

Տուժողը նշեց, որ կապկպված վիճակում է եղել, երբ իրենց մոտ է եկել այն ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը. «Մենք սենյակում էինք, պարոն Օսիպյանն եկավ առանց պագոնների, մենք զարմանցանք, թե ոնց եկավ էդտեղ»։

Տուժողը դատարանին նաեւ հայտնեց, որ մեքենայում 114 հազար դրամ գումար է ունեցել, որը կորել է։

Հիշեցնենք, որ համաներման մասին օրենքի նախագծով նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, նրանց հանցակցած, այդ նպատակով հանցափորձ արած կամ հանցագործության նախապատրաստության մասնակից, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, որոնք չեն մեղադրվում սպանություն կատարելու համար, եւ եթե համաներման դեմ չեն առարկում պատանդառված, ֆիզիկական վնաս կրած տուժողները եւ նրանց իրավահաջորդները:

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։