Մի խումբ ուսուցիչներ ահավազանգում են երկար տարիներ դպրոցներում փոփոխություններ չարվելու եւ իրենց իրավունքները ոտնահարելու մասին:

Այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը  N 54 ավագ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Գասպարյանն ասաց, որ եթե կառավարությունը չարձագանքի եւ չլսի իրենց խնդիրները, երկուշաբթի օրը՝ փետրվարի 25-ին դիմելու են  Արհմիությունների կոնֆեդերացիա. «Կոնֆեդերացիային դիմելուց հետո մեկ շաբաթ կսպասենք, եթե կառավարությունը չարձագանքի, ստիպված դիմելու ենք գործադուլի»,-ասաց նա:

Ուսուցիչները ցանկանում են, որ բարձրացվեն իրենց աշխատավարձերը, դասարանները համապատասխանեցվեն աշակերտների թվին, ուսուցիչներն ատեստացիա անցնեն եւ մշակեն գործիքակազմ՝ դպրոցը մաքրելու համար. «35 աշակերտի համար դասարանը պետք է լինի 75 քմ, արդյոք սրա կես չափի դասարանում կարո՞ղ ենք ապահովել որակյալ կրթություն»,-ասաց ասուլիսի մասնակից, «Խարիզմա» երիտասարդական ՀԿ նախագահ Արմինե Դավթյանը:

N 196 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Վարդանյանն էլ նշեց, որ իրենց աշխատավարձերը չեն բարձրացնում՝ պատճառաբանելով՝ բյուջեում գումար չկա. «Թվում է, թե բյուջեում փող չունեն միայն ուսուցչի համար, այն հարցին, թե ինչպես է, որ պետական աշխատողների աշխատավարձերը բարձրանում են, ուսուցիչներինը՝ ոչ, պատասխանն ուղղակի ցնցող էր՝ պետական աշխատողները 500-600 հոգի են, դուք՝ ուսուցիչներդ, հազարավոր»,-ասաց նա:

Նա ասաց, որ նման ծանրաբեռնվածությամբ եւ ցածր աշխատավարձով անհնար է կրթական համակարգում լավ որակ ապահովել:

Ուսուցչուհի Լաուրա Գեւորգյանն էլ անդրադարձավ  ներառական կրթության հիմնախնդիրներին՝նշելով, որ ԿԳՆ-ն ցանկանում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթությանը, սակայն կան խնդիրներ, որոնք լուծելուց հետո է դա հնարավոր անել. «Արդյոք հնարավո՞ր է նման խտության դպրոցներում ներառական կրթություն ապահովել։ Կամ թող դպրոցներին հանրակրթական երկարօրյա ներառական դպրոցի կարգավիճակ տան կամ կրթահամալիրի»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք բնավ դեմ չեն ներառական կրթությանը։

Ուսուցիչները փոխանցեցին, որ շուրջ տասը տարի իրենց աշխատավարձերը չեն բարձրացել, չեն ստացել 13-րդ աշխատավարձ, այս տարի պարգեւավճար էլ չեն ստացել, միայն Ուսուցչի տոնին ստանում են տասը կամ քսան հազար դրամ պարգեւավճար: