Կատուների բնավորության առանձնահատկությունները ժամանակի ընթացքում սկսում են նմանվել տերերի վարքագծին։ Այսպիսի եզրակացության են եկել բրիտանական Լինքոլնի համալսարանի գիտնականները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Մինչ այդ գիտնականները հաճախ կարծում էին, թե նման պատճենումը շատ ավելի բնորոշ է շներին։

Կիրակի օրը The Sunday Times թերթում հրապարակված մեջբերումները Լինքոլնի համալսարանի Կենդանիների վարքագծի ուսումնասիրման կլինիկայի հետազոտությունից ցույց են տալիս, որ այս առումով տարբերություններ շների եւ կատուների միջեւ գրեթե չկան։ Ավելին, հաճախ մարդու ազդեցությունը կատվի վրա հիմնականում նման է այն կապին, որը ձեւավորվում է ծնողների եւ երեխաների միջեւ։

Այս հետազոտության համար գիտնականներ Դենիել Միլսը եւ Լորեն Ֆինկան հարցման են ենթարկել 3,3 հազար կատվատիրոջ եւ պարզել, որ կապ գոյություն ունի այն բանի հետ, թե ինչպես են իրենց պահել տերերը եւ սիրելի կենդանիները եւ որքանով են վերջինները, դրանից կախված, քնքուշ եղել, ագրեսիվ կամ որքան հաճախ են չանչերը սրել կահույքին։

«Որքան նյարդային է եղել տերը, այնքան էլ բարձր է եղել կատուների մոտ «վարքի խնդիրների» զարգացման հավանականությունը, ինչն արտահայտվել է ավելի ագրեսիվ, տագնապալի կամ վախվորած, սթրեսային, ավելի հաճախակի հիվանդությունների եւ ավելորդ քաշի դրսեւորումներով»,- ասվում է հետազոտությունում։

Օրինակ, սուր նյարդայնություն ունեցող մարդկանց կատուներն ավելի հաճախ են իրենց նույն կերպ պահել եւ ունեցել են գիրանալու հակում։ Ընդ որում՝ բարի եւ հանգիստ մարդկանց կատուները հեշտությամբ հաղորդակցվել են եւ ավելորդ քաշի խնդիր չեն ունեցել։

Կատուների գծով փորձագետները բարձր են գնահատել գործընկերների կատարած աշխատանքը։ «Չափից ավելի զգայուն արարածներ լինելով՝ նրանք ենթակա են մարդկանց ազդեցությանը, որոնք նրանց շրջապատում են։ Նրանք ամենասերտ կապով կապված են իրենց տերերին եւ միմյանց վրա ազդեցություն են գործում»,- հետազոտությունը մեկնաբանել է Էդինբուրգի համալսարանի կատուների բժշկության պրոֆեսոր Դանեիլ Գան-Մուրը։

Մինչ այդ, գիտական հանրույթում հաճախ էր հանդիպում այն կարծիքը, թե անձնային հատկությունների այսպիսի պատճենումն ավելի բնորոշ է շներին։ Իսկ կատուների հետ կապված՝ կարծիք կար, թե նրանք, ավելի անկախ կենդանիներ լինելով, այնքան էլ կախված չեն իրենց տերերի բնավորությունից։