Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սխալ է որակել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքն այն մասին, որ Մոսկվան ու Անկարան ընդհանուր ըմբռնման չեն հանգել, թե Սիրիայում քրդական որ կազմավորումներին ահաբեկչական համարեն: Չորեքշաբթի թուրք առաջնորդն այս մասին հայտնել է NTV-ի հետ հարցազրույցում:

«Իմ կառավարության կազմում երկար տարիներ աշխատել են իմ քուրդ եղբայրները: Լավրովի պնդումները սխալ են, ճիշտ չէ նման բան ասելը: Կարծում եմ, որ մեր ԱԳ նախարարն արդեն անհրաժեշտ նախազգուշացում կատարել է»,- ասել է Էրդողանը:

Փետրվարի 24-ին ՌԴ ԱԳ նախարարը Վիետնամական հեռուսատեսությանը, Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը (CCTV) եւ չինական Phoenix հեռուսատաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան «ընդհանուր ըմբռնում չունեն, թե քրդերի շարքերում ում ահաբեկիչ համարեն»: Լավրովի խոսքով՝ Անկարան «հատուկ դիրքորոշում ունի», Մոսկվան «հասկանում է նրա մտահոգությունը, բայց, այդուհանդերձ, անհրաժեշտ է ցորենը որոմից զատել, թե քրդական ջոկատներից որոնք են իրականում ծայրահեղական եւ Թուրքիայի հանրապետության անվտանգության համար սպառնալիք ստեղծում»: