«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստին քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ։ Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հարցաքննության ժամանակ դահլիճում ներկա գտնվողների կողմից ռեպլիկ հնչեց, ինչից հետո դահլիճում ներկա գտնվողների միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ:

Այս պահին նիստը ընդմիջվեց:

«Սասնա ծռերի» անդամ Գևորգ Սաֆարյանը լրագրողներին ասաց, որ «սա օսիպյանական ոստիկանության ձեռագիրն է, քաղաքացիական հագուստով անձանց ուղարկել էր ոստիկանությունը՝ սադրելու նպատակով»։

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: