Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու՝ նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։ Նա նշեց, որ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նոր միջնորդություն կներկայացնեն՝ այնքան, մինչև բավարարվի։

«Պեպսի Կոլայի պես, կրկին կփորձենք»,- ասաց փաստաբանը։

Գրիգորյանի փաստաբանները դժգոհում են, որ իրենց պաշտպանյալի խափանման միջոցի վերաբերյալ գործերը մշտապես մակագրվում են Մարինե Մելքոնյանին, եւ վերջինս մշտապես որոշում է, որ կալանքի հիմքեր կան։

Նշենք, որ պաշտպանական կողմը միջնորդել էր շուրջ 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել նրան։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ, ապա դեկտեմբերին գրավի դիմաց ազատ արձակվել:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է կնոջ, որդու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու եւ իրենց պատկանող երեք տներում պահելու համար։ Գրիգորյանը մեղադրվում է նաեւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի օժանդակությամբ 2014-2017թթ ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից ԵԿՄ հասարակական կազմակերպությանը հանձնված պարենային ապրանքների ու հանդերձանքի յուրացման համար։ Խոսքը առանձնապես խոշոր չափերի` 101.232.917 դրամ արժողությամբ գույքի մասին է։