Հայաստանում ցանկացած ընտրություն կազմակերպելիս դրանց արդյունքները նախապես երբեք հայտնի չեն եղել։ Այս մասին մարտի 5-ին Ազգային ժողովի նիստում, «2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին» ԿԸՀ գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին։

Մուկուչյանի խոսքով՝ ցանկացած ընտրության արդյունքներն առարկայացվում են ընտրողների քվեարկության ճանապարհով եւ ակնհայտ դառնում անմիջապես դրանից հետո։ Նա նաեւ նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ջանացել է անշեղորեն հետեւել Ընտրական օրենսգրքի պահանջներին համազգային բոլոր ընտրությունների ժամանակ՝ սկսած 2012-ից։ «Համենայնդեպս, 2012 թվականից ոչ մի դեպք չի եղել, որպեսզի որեւէ մեկը փորձի հանել քվեաթերթիկները քվեատուփերից  եւ այլ պատկեր ներկայացնել, քվեարկության այլ արդյունքներ գրանցել արձանագրություններում»,- հավաստիացրել է ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ 2012 թվականից ընտրողների կամարտահայտման վրա որեւէ ճնշում չէր կարող լինել, որը կարողանար ազդել ընտրությունների արդյունքների վրա։