Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը։ Դատարանը հարցաքննում է գործով տուժողներին։

Դատական նիստին զուգահեռ՝ դատարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում «Սասնա ծռերի» աջակիցները «Ոչ սաբոտաժին», «Ազատություն ապստամբներին» գրառմամբ պաստառներով։ Դատարանի բակում ոստիկաններն ուժեղացված հսկողություն են իրականացնում։

Նշենք, որ նախորդ՝ փետրվարի 27–ի դատական նիստում, դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում էր կայացրել այս գործով դատական նիստերը մինչև դատաքննության ավարտը դռնփակ դատական կարգով անցկացնելու մասին։

Բանն այն է, որ նախորդ դատական նիստին միջադեպ էր տեղի ունեցել Շենգավիթի նախկին ոստիկանապետի հարցաքննության ժամանակ։

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: