«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր՝ մարտի 6-ին դատական սանկցիա կիրառեց գործով ամբաստանյալներ Գագիկ Եղիազարյանի, Արեգ Կյուրեղյանի և գործով տուժող, ոստիկանության Շենգավիթի բաժնի նախկին պետ Արամ Հովհաննիսյանի  նկատմամբ։

Բանն այն է, որ նախորդ նիստին տուժող Հովհաննիսյանի հարցաքննության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ թե նիստերի դահլիճում, եւ թե ապակիներից այն կողմ գտնվող՝ կողմերի համար նախատեսված հատվածում: Դատավոր Մակյանն ասաց, որ նախորդ նիստին Հովհաննիսյանն ու խմբի անդամները խախտել են նիստի կարգը, ուստի նրանց նկատմամբ կիրառեց դատական սանկցիա նախազգուշացման եղանակով:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին միջադեպ էր տեղի ունեցել նաեւ Արամ Հովհաննիսյանի եւ «Սասնա ծռեր» խմբի համակիրների միջեւ, ինչից հետո դատարանը դատավարությունը դռնփակ ռեժիմով քննելու որոշում կայացրեց:

Ամբաստանյալների պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը հայտարարեց,  որ  միջադեպը  հրահրվել է  տուժողի կողմից։ Նա միջնորդեց դատական նիստը վերստին անցկացնել դռնբաց դատական կարգով։ Գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանն էլ իր հերթին հայտարարեց, որ իր հարազատները, ովքեր ցանկանում են հետևել  դատավարության ընթացքին, մեղավոր չեն և երկու անձի ընդհարումը չպետք է պատճառ դառնա, որ նրանք չհետևեն նիստին։

Դատավորը մերժեց Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը։ Այս պահին դատարանը շարունակում է տուժող Արամ Հովհաննիսյանի հարցաքննությունը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։