«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող` Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն այսօր՝ մարտի 6-ին, առարկեց, որպեսզի խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի:

Դեպքի օրը՝ 2016 թվականի հուլիսի 17-ին, Շենգավիթի նախկին ոստիկանապետը եւ Շենգավիթի ոստիկանապետ Հրաչյա Խոստեղյանը վիրավորվել էին եւ տեղափոխվել բժշկական կենտրոն:

Ավելի վաղ համաներմանն առարկել էր նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Հիշեցնենք, որ Համաներման մասին օրենքով նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, նրանց հանցակցած, այդ նպատակով հանցափորձ արած կամ հանցագործության նախապատրաստության մասնակից, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, որոնք չեն մեղադրվում սպանություն կատարելու համար, եւ եթե համաներման դեմ չեն առարկում պատանդառված, ֆիզիկական վնաս կրած տուժողները եւ նրանց իրավահաջորդները: 

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։