Հայոց ցեղասպանության մասին Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթահ Աս-Սիսիի հայտարարությունը Թուրքիայի վտանգավոր զավթողականության մասին հիշեցում է։ Այս մասին Al Monitor-ի հետ հարցազրույցում ասել է Եգիպտոսի ազգային պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի անդամ, ռազմական հետախուզության նախկին սպա Թամեր Ալ-Շահավին։

Տարածաշրջանում Եգիպտոսի ազդեցությունը վերականգնելու համար երկիրը փորձում է տարածաշրջանային դաշնակիցներ ձեռք բերել․ նշել է հանձնաժողովի անդամը՝ հավելելով, որ բացի Թուրքիայից եւ Եգիպտոսից՝ տարածաշրջանային իշխանությունը Իրանի եւ Սաուդյան Արաբիայի ձեռքերում է։ Սակայն, ինչպես կարծում է նա, Սաուդյան Արաբիայում չկան տարածաշրջանային ազդեցության համար անհրաժեշտ քաղաքական եւ ռազմական այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք կան Եգիպտոսում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եգիպտոսի նախագահը Մյունխենում իր ելույթի ժամանակ հիշատակել է Հայոց ցեղասպանության փաստը՝ այն չանվանելով ցեղասպանություն։ Եգիպտոսի Հայ դատի կոմիտեն նախագահի հայտարարությունը որակել է որպես Հայոց ցաղասպանության ճանաչման ուղղությամբ կատարված քայլ։