Ճապոնիայում ավելի ու ավելի շատ զբոսաշրջային ընկերություններ են հրաժարվում ընդունել արտասահմանցի ճանապարհորդների՝ վերջիններիս վատ սովորությունների եւ անտանելի վարքի համար՝ հայտնում է Asahi Shimbun-ը։

Օրինակ, Սասագուրիում Նանզոյնի տաճարը, որ հայտնի է հսկայական պառկած Բուդդայի արձանով, 12 լեզուներով հայտարարություններ է կախել իր պատերին եւ կայարանի մոտակա կանգառում, որտեղ գրված է, որ Նանզոյնը աղոթքի վայր է, եւ արտասահմանցի զբոսաշրջիկներն այնտեղ ցանկալի հյուր չեն։

Նանզոյնի գլխավոր հոգեւորական Կակուջո Խայասին ասում է, թե խնդիրները սկսվել են տասը տարի առաջ, երբ տաճար օրական այցելում էր արտասահմանցի զբոսաշրջիկներով 20-30 ավտոբուս։

Հյուրերի հոսքը կտրուկ փոխել է տաճարի մթնոլորտը։ Այցելուները աղմկել են, լողացել ջրվեժի շրջակա ջրերում, որտեղ բուդդիզմ են ուսումնասիրում, նրանցից մեկը նույնիսկ տաճարի տանիք է բարձրացել։

Չնայած նրան, որ անդաստիարակ զբոսաշրջիկներին միշտ նկատողություն են արել, նման արարքները չեն վերացել, եւ ճապոնացի սովորական հավատացյալները դադարել են տաճար այցելել։ 2016թ․ մայիսից Նազոյնում որոշել են այլեւս չընդունել արտասահմանցիների խմբերին։ Անհատական ճանապարհորդներին նրանք միշտ սպասում են։

Կումամոտո շրջանի Յացուսիրոյի տաճարը 2017թ․ օգոստոսին ժամանակավորապես դադարեցրել էր զբոսաշրջիկների ընդունումը։ Քաղաքի իշխանությունները վրդովվել են այս որոշումից եւ կոչ արել բացել տաճարի դարպասները։

Քաղաքապետարանը զբոսաշրջությանը վնաս չպատճառելու նպատակով, որոշել է միջոցներ ձեռնարկել եւ փակցրել է տեղի կանոնները պահպանելու պահանջով զգուշացումներ։

Նման ջանքերի շնորհիվ տաճարը 2018թ․ հունվարին կրկին սկսել է ընդունել զբոսաշրջային նավերի ուղեւորներին։

Ճապոնիայի կառավարությունը նպատակ ունի մինչեւ 2020թ․ արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը 40 միլիոնի հասցնել։