Tesla ընկերությունը որոշում է ընդունել իր բոլոր էլեկտրամոբիլների գները միջինը 3 տոկոսով բարձրացնելու մասին՝ բացառությամբ բազային լրակազմով Model 3-ի: Այս մասին ավտոարտադրողը հայտնել է իր կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Tesla-ն ստիպված կլինի ամբողջ աշխարհում էլեկտրամոբիլների գները մոտ 3 տոկոսով բարձրացնել, որովհետեւ մենք ավելի քիչ թվով ավտոխանութներ կփակենք, քան ծրագրել էինք»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:

Tesla-ն փետրվարի վերջին հայտարարել էր իր ավտոխանութների մեծամասնությունից հրաժարվելու եւ առցանց վաճառքի անցնելու մտադրության մասին, որպեսզի բազային լրակազմով Model 3-ի արժեքը նվազեցնի մինչեւ 35 հազար դոլար: «Սակայն վերլուծության արդյունքում, որը վերջին 2 շաբաթում անցկացվել է մեր սրահներից յուրաքանչյուրում, մենք եկանք այն եզրակացության, որ դեռ էլի մի քանի ամսվա կարիք կունենանք մտահղացման իրականացման համար»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելին՝ ենթադրվում է, որ ծրագրերը կուղղվեն: «Արդեն փակված մի քանի խանութներ կրկին կբացվեն»,- հավելել են ընկերությունից:

Tesla-ն հիմա Model 3 եւ Model S սեդաններ է արտադրում, ինչպես նաեւ Model X քրոսովեր: Model 3-ը բազային լրակազմով կառաջարկվի 35 հազար դոլարով: