«Սասնա ծռերի» գործով տուժող, ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Խաչատուր Ավետիսյանի հարցաքննությունն այսօր՝ մարտի 13–ին, անցավ բավականին լարված մթնոլորտում։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում պարբերաբար վիճաբանություն էր տեղի ունենում վկայի եւ ամբաստանյալների միջեւ։ Դատավոր Մեսրոպ Մակյանը մի քանի անգամ նախազգուշացրեց երկու կողմերին էլ, իսկ ամբաստանյալներից Արմեն Բիլյանի բարձախոսն էլ ստիպված էր անջատել, երբ վերջինս պահանջեց Խաչատուր Ավետիսյանին իրենց չվախեցնել։ Մյուս ամբաստանյալները նույնպես հայտարարեցին, որ Ավետիսյանի կողմից սպառնալիքներ են հնչել։

«Պարոն Ավետիսյանը, բարձրաստիճան ոստիկան լինելով, ափսոսանք հայտնեց բավականին էմոցիոնալ կերպով, որ ոստիկանները չեն սպանել բավարար չափով քաղաքացիներ, եթե սպանեին, ապա ապստամբությունը չէր լինի, թող պատկան մարմինները իմանան, թե ինչպիսի ոստիկաններ կան»,- ասաց Վարուժան Ավետիսյանը, որից հետո Մակյանը հորդորեց՝ եթե սպառնալիքի վերաբերյալ ապացույցներ ունեն, թող հանցագործության մասին հաղորդում ներկայացնեն:

Հարցաքննության ընթացքում իրավիճակը սրվեց, երբ Կյուրեղյանը Ավետիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք տեղյակ է գնդում հայտնաբերված գումարի եւ մարմնավաճառների ցուցակի մասին: Բացասական պատասխան տալուց հետո Ավետիսյանն ասաց. «Ձեր նմանները չէ, որ պետք է գնահատական տան գնդի աշխատանքին: Թուրքի նման գիշերով հարձակվեցիք»: Արեգ Կյուրեղյանն արձագանքեց. «Թուրքի նման միշտ ոստիկանությունն է վարվել այս ժողովրդի հետ»: Դատավորը հորդորեց վիրավորանքներ չհնչեցնել, ինչից հետո Արեգ Կյուրեղյանին տասը ժամով հեռացրեց նիստերի դահլիճից: