Իտալիայի արդարադատության նախարարությունը հրամայել է հետաքննություն անցկացնել՝ կապված Վերաքննիչ դատարանի որոշման հետ, ըստ որի բռնաբարողները արդարացվել են, քանի որ զոհը «շատ տգեղ» է եղել։

Այդ վճիռը վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում։ Անկոնա քաղաքում կազմակերպվել է բողոքի ցույց, որի մասնակիցները վանկարկել են «Ամո՛թ»։

Դատավճիռը կայացվել է 2017թ․՝ միայն կին դատավորներից կազմված կոլեգիայի կողմից, սակայն պատճառները, որոնք նման որոշման հիմք են հանդիսացել, հայտնի են դարձել միայն այն ժամանակ, երբ Իտալիայի գերագույն դատարանը բեկանել է այն եւ կրկնակի հետաքննություն նշանակել։

Երկու պերուացի տղամարդ ի սկզբանե դատապարտվել են 2015թ․ Անկոնայում պերուացի կնոջ բռնաբարության համար, սակայն վերաքննիչ դատարանը չեղյալ է համարել դատավճիռը։ Դատարանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ կինը շատ «տղամարդու նման» է եղել, եւ բռնաբարության մասին ցուցմունքները վստահություն չեն ներշնչել։