Արմավիրում մանկահասակ երեխայի դաժան սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. հորը մեղադրանք է առաջադրվել սպանության համար, ինչպես նաեւ ծեծի՝ 3 դրվագով։

Նախաքննությամբ պարզվել է սեպտեմբերին հասարակությունը ցնցած ընտանեկան ողբերգության զարհուրելի մանրամասները։ Պարզվում է փոքրիկն ու նրա մայրը մինչ ողբերգական օրը  նախկինում եւս ենթարկվել էին բռնության։

Ռ.Մանուկյանը կնոջ եւ երեխայի հետ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում բնակություն է հաստատել 2018թ. սեպտեմբերի 13-ին. Նա զբաղվել է  անասնապահությամբ եւ բնակվել սեփականատիրոջը պատկանող անասնագոմերին կից առանձնացված սենյակում։

2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 09-ի սահմաններում, մանկահասակ տղայի՝ 9 ամսական փոքրիկի   լացի ձայնը կտրելու նպատակով, ապօրինաբար նրան կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով եւ բռունցքներով հարվածներ է հասցրել  նրա դեմքի շրջանին, ապա՝ դեմքն ի վար շրջելով անկողնու վրա, շարունակել է բռունցքներով հարվածներ հասցնել մեջքին, գլխին եւ մարմնի տարբեր մասերին։ Հարվածների հետեւանքով  փոքրիկն ստացել է ձախից ծոծրոսկրի կոտրվածք, ուղեղանյութի արյունազեղում, ձախից` 5,6,7,8,9,10-րդ կողոսկրերի կոտրվածքներ: Տեսնելով որդու նկատմամբ կիրառվող բռնությունը՝  փորձել է միջամտել եւ մոտեցել ամուսնուն, սակայն վերջինս  քաշել է  կնոջ ձեռքից ու ծեծել՝ բռունցքով հարվածելով գլխին։

Ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով փոքրիկը տեղում մահացել է: Նախնական քննության տվյալներով՝ սպանությունը քողարկելու համար ամուսինը պարտադրել է կնոջը՝ հուղարկավորել նրան՝ հետքերը թաքցնելու համար։

Այդ նպատակով Ռ.Մանուկյանն անգամ փոս է փորել, սակայն  կինը,   նրա ձեռքից խլելով փոքրիկի մարմինը, վազել է դեպի  Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ էլ հաստատվել է երեխայի մահը։

«Փաստինֆո»-ի տվյալներով՝ դեպքից օրեր առաջ ընտանիքի հայրը կրկին բռնություն էր գործադրել կնոջ եւ մանկահասակ երեխայի նկատմամբ, ինչից հետո կինը տանից հեռացել էր, բայց հետո, ընդառաջելով ամուսնու զանգին,  նորից վերադարձել է։

Նշենք, որ ընտանիքի հայրը նախկինում արդեն ունեցել է դատվածություն.։ 2006թ. Նա դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով,  իսկ 2007թ. –ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքներ կատարելու համար։ Նա պատժի կրումից ազատվել է   պայմանական վաղաժամկետ: Իսկ տարիներ անց՝ 2013թ. ամուսնացել է Շիրակի մարզի Բասեն գյուղի  մի բնակչուհու հետ։  Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են մեկ երեխա:Սակայն Ռուստամ Մանուկյանի կողմից ալկոհոլը չարաշահելու եւ ընտանեկան անհաշտությունների պատճառով կինը ամուսնալուծվել է նրանից, իսկ երեխան մնացել է մոր խնամքին:

Սպանված մանկահասակ երեխայի մայրը եղել է նրա երկրորդ կինը։ Վերջինս եւս նախկինում եղել էր ամուսնացած։ Ամուսնալուծվելիս նա արդեն եղել է հղի, սակայն հանդիպել է Ռ.Մանուկյանին, ով  պատրաստակամություն է հայտնել հայրություն անել երեխային։ Ծնվելուց հետո ճանաչել էր հայրությունը, բայց վատ սովորույթներից չէր հրաժարվել, շարունակել է խմել ու բռնանալ։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Ռ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի  1-ին մասով եւ 3 դրվագ՝ 118-րդ հոդվածով:  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։