Գովազդային վնասակար ծրագրային ապահովում է հայտնաբերվել Google Play-ի 200-ից ավելի հավելվածներում, նշված է Check Point Research հետազոտական ընկերության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գովազդային վնասակար ԾԱ հատուկ տարատեսակ է հայտնաբերվել 206 հավելվածում, իսկ բեռնումների ընդհանուր թիվը հասել է գրեթե 150 մլն-ի: Google-ը շտապ իրազեկվել է եւ Google Play խանութից հանել վարակված հավելվածները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Check Point-ի փորձագետներն այս վնասակար ծրագիրն անվանել են SimBad, քանի որ վարակված հավելվածների մեծ մասը խաղ-սիմուլյատորներ են: ԾԱ գործառնությունը կարելի է բաժանել 3 խմբի՝ գովազդի ցուցադրում, ֆիշինգ եւ այլ հավելվածներին հասանելիություն:

Ֆիշինգը գաղտնի տեղեկությունների (ծածկագրերի, վարկային քարտերի տվյալների, համացանցային տեղեկությունների) գողության եղանակ է՝ զանգվածաբար էլեկտրոնային նամակներ (սփամ), ինչպես նաեւ ֆինանսական եւ պետական հաստատությունների, սոցցանցերի կողմից անվանական հաղորդագրություններ ուղարկելու միջոցով:

ԾԱ-ն կարող է բրաուզերում չարամիտի հանձնարարած URL-հասցե բացել: Այս պատճառով, երբ չարամիտը մի քանի հարթակների համար ֆիշինգային էջեր ստեղծի, դրանք կբացվեն բրաուզերում՝ գործարկելով օգտատիրոջ վրա ֆիշինգ-հարձակումներ:

ԾԱ-ն կարող է նաեւ հավելվածների խանութներ բացել՝ ինչպիսին են Google Play-ը եւ 9Apps-ը, նշանակված սերվերից տեղադրել հեռացված հավելվածը: Չարամիտն այսկերպ կարող է ցանկացած ժամանակ տեղադրել նոր վնասակար ԾԱ եւ մեծացնել իր շահույթը, նշված է հաղորդագրության մեջ: