Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կառավարության 46 պաշտոնյաների հրապարակավ մեղադրել է թմրանյութերի առքուվաճառքի մեջ։ Նախագահը հայտնել է, որ նրանց հանդեպ քրեական հետաքննությունն է սկսվել։

«Այդ թմրամոլներին մերկացնելու իմ որոշումը հիմնված էր կառավարական գործակալությունների հանդեպ վստահության վրա, որոնք ստուգել են թմրամոլների ցուցակները»,- ասել է Դուտերտեն։ Նրա խոսքերով, ներքին գործերի նախարարությունը վարչական բողոք է ներկայացրել քաղաքական գործիչների դեմ։

Նախագահը նշել է որ փողերի լվացման հարցով կառավարական խորհուրդը եւ կոռուպցիայի դեմ պայքարի նախագահական հանձնաժողովը հետաքննություն են անցկացնում՝ նրանց դեմ քրեական գործեր հարուցելու նպատակով։ Այդ պաշտոնյաներից շատերը, այդ թվում՝ 33 քաղաքապետ, 8 փոխքաղաքապետ եւ Ներկայացուցիչների պալատի 3 անդամ, պետք է մասնակցեին մայիսին կայանալիք միջանկյալ ընտրություններին։

Դուտերտեն հայտարարել է, թե ինքը ընտրություններից առաջ քաղաքական գործիչներին փնովելու նպատակ չունի, սակայն որոշել է այդ մասին բարձրաձայնել, քանի որ իշխանությունները հաստատել են նրանց առնչությունը թմրամիջոցների առքուվաճառքին։