Սլովակ գործարար եւ մուլտիմիլիոնատեր Մարիան Կոչները կկանգնի դատարանի առջեւ՝ 2018թ․ փետրվարին լրագրող Յան Կուցիյակի սպանությունը պատվիրելու համար, ինչը հաստատվել է հանցանշանով, որն առայժմ չի կարող հրապարակվել՝ հայտնում է DW-ն։

Դատախազությունում հստակեցրել են, որ 55-ամյա Կոչների հանդեպ մեղադրանքն առաջադրվել է մարտի 8-ին։ «Մենք դեռեւս չենք գտել սպանության գործիքը, սակայն ունենք ապացույցներ, թե ինչ զենքի մասին է խոսքը»,- ասել է դատախազության ներկայացուցիչը, որի անունը անվտանգության նկատառումներով չի հրապարակվում։

27-ամյա Կուցիյակը եւ նրա հարսնացուն՝ Մարտինա Կուսնիրովան, հրազենից սպանվել էին Բրատիսլավայից 65 կմ հեռավորությամբ գտնվող Վելկա Մաչա գյուղի իրենց տանը։ Յան Կուցիյակը լրագրողական հետաքննություն էր անցկացնում, որպեսզի պարզի իտալական մաֆիայի եւ սլովակյան քաղաքական գործիչների միջեւ կապը։ Լրագրողի անավարտ հոդվածը տպագրվել էր նրա մահվանից հետո։

Կուցիյակը նաեւ հետաքննում էր Սլովակիայի գյուղատնտեսության զարգացման համար ԵՄ-ի կողմից տրամադրվող դոտացիաների հետ կապված խարդախ սխեմաները եւ Կոչների բազմաթիվ ընկերությունների կնքած գործարքները։ Լրագրողի սպանությունը եւ անավարտ հոդվածի հրապարակումը բողոքի ալիք էին բարձրացրել երկրում, ինչը հանգեցրել էր վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հրաժարականին։