Այսօր առավոտ շուտ քաղաքապետարանը կրկնեց Օպերայի սրճարանների ապամոնտաժման փորձը եւ նորից բախվեց դիմադրության։ Սրճարանների աշխատակիցները փակեցին Մաշտոցի պողոտան։ Ոստիկանները սկսեցին ուժով հեռացնել ցուցարարներին պողոտայի բանուկ հատվածից եւ բաժիններ տանել։

Փողոցը բացվեց։ 16 ցուցարարի բերման ենթարկեցին ուժ գործադրելով, հոսպիտալացվեց երկու ոստիկան՝ թեթեւ վնասվածքով, եւ մի կին ցուցարար՝ կողոսկրի կոտրվածքով։

Մինչ այսպես պայքարում էին, քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքում գրառում արեց՝ ազատագրում ենք Օպերայի շրջակայքը, եւ սա պրոցեսի սկիզբն է։

Բայց պրոցեսը շատ դժվար էր առաջ գնում, ցուցարաները հավաքել էին Ազատության հրապարակում եւ թույլ չէին տալիս, որ էքսկավատորը շարունակի քանդել։

Շուտով Մարությանի խոսնակը NEWS.am-ին հայտնեց, որ քաղաքապետը չի պատրաստվում գնալ Օպերայի տարածք։

Պատգամավորներ եկան Բարգավաճ Հայաստանից։ Քաշքշոցի ժամանակ Նաիրա Զոհրաբյանի ոտքը վնասվեց։

Ընթացքում տեխնիկան մի քանի անգամ փորձեց շարունակել ապամոնտաժումը՝ ամեն անգամ թեժացնելով դիմադրությունը։ Ցույցից քիչ հեռու նստարաններից մեկին պառկած էր ոստիկան, պարզվեց՝ նրա ինքնազգացողությունը վատացել էր։

Բերման ենթարկելու երկորդ ալիքը սկսվեց։ Ոստիկանները մի քանիսին տապալեցին գետնին ու սկսեցին քաշքելով մտցնել մեքենաները։

Երեկոյան 6-ին ոստիկանությունը բերման ենթարկվածների նոր թիվ հրապարակեց, բաժին է տարվել 19 ցուցարար։ Եվ սա էլ առանց միջադեպի չանցավ, ոստիկանական մեքենայի դուռը հրմշտոցից պոկվեց։

ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, որ իրենց ներկայացուցիչները քաղաքացիների իրավունքների հարցով ոստիկանությունում են։

Քաղաքապետարանը սակայն մտադիր չէ զիջել, եւս 5 տարի այս վիճակը չենք հանդուրժի, ասաց Կենտրոնի թաղապետը, կհանդուրժեն միայն «Շոկոլադնիցան», դատարանի որոշում կա չքանդելու այն։ Սրճարանների ապամոնտաժումը կշարունակեն վաղը՝ նոր թափով ու ավելի մեծ ուժերով։

Իրադարձությունների վերջում՝ արդեն դատարկվող հրապարակ եկավ նաեւ «Իմ քայլից» մի քանի պատգամավոր։ Երեկոյան կողմ ոստիկանները սկսեցին հեռանալ տարածքից, ցուցարարներից ոմանք հայտարարեցին, որ գիշեր մնալու են հրապարակում։

Վերջին տվյալով ոստիկանություն է բերման ենթարկվել 22 ցուցարար, որոնցից 6-ը ազատ են արձակվել։

Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց «Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի մասին» օրենքի նախագիծը։ Լրացումներին «կողմ» քվեարկեց 97 պատգամավոր։ Այսպիսով, անցակետի տարածքում գտնվող աջ ղեկով մեքենաները, որոնք ձեռք են բերվել մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը, կարող են ներկրվել մինչեւ այս տարվա մայիսի 1-ը։

«Իմ քայլի» որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։ Այսպիսի տպավորություն է «գնալով արմատանում» Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մեջ, որի մասին նա մի զանգ ստանալուց հետո ստիպված է եղել գրառում անել ֆեյսբուքյան իր էջում։ Թե ովքեր են Թորոսյանի թիմակից հակառակորդները, եւ ինչու է իշխող թիմում կռիվ ընկել, այսօր լրագրողները փորձեցին պարզել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից։

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունն այսօր շարունակվեց։ Քոչարյանը դահլիճում էր, եւ ըստ նրա պաշտպանի՝ ապացուցեց, որ գործը ջուր է։

Ռուբեն Սահակյանը նաեւ խոսեց մեղադրանքի հիմքերի մասին։  Ըստ նրա՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ասածն էլ է ջուր, եւ այն, որ այդ օրերին զինվորները առանց հերթափոխի էին հսկում սահմանը, սուտ է։

Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը։

Կառավարության շենքի մոտ ցույցեր էին, նորից այստեղ էին գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները, նոր փոփոխություններով պետական տուրքը կավելանա 60 անգամ կամ 6000 տոկոսով, եթե օրենքը հաստատվի՝ ըստ ցուցարաների անգործ կմնա ավելի քան 1 300 մարդ, իսկ տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի բյուջե։

Բողոքով կառավարության շենքի առաջ էին նաեւ Լենուղի համայնքի բնակիչները։ Նրանք ապրում են 4-րդ կարգի վթարային շենքում՝ 30 տարի փլուզման վախով։

Մի քանի օր է, ինչ Զարթոնքում դժգոհություններ են, գյուղացիները բողոքում են իրենց 24 տարվա գյուղապետի դեմ, նրա ընտրովի սեփականաշնորհման դեմ, որից իրենց բաժին չի հասել, իսկ գյուղապետն ու նրա ազգականները դարձել են հեկտարների տեր։ Այսօր, բողոքող գյուղացիներին ընդունել են կառավարությունում, խոստացել, որ ստուգումներ կացնկացնեն գյուղապետարանում։

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել, փոխարժեքն  այսօր կազմել է 486 դրամ, եվրոն 550 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 644, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 44 դրամ:

Հայաստանի մարզերի մեծ մասում մարտի 15-ի գիշերը տեղումներ են սպասվում։ Ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը՝ ցերեկը՝ +12+14։