Երբ ես եւ իմ ընկերները Օպերայում կենդանի վահան էինք կանգնել ոստիկանների եւ ցուցարարների  միջեւ, ո՞ւր էին իրավապաշտպան ակտիվիստները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկ, երբ Օպերայի տարածքում լարվածությունը հասավ սարսափելի չափերի եւ ես ու իմ ընկերները կենդանի վահան դարձանք ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, զարմանալիորեն ես այդ տարածքում որեւէ քաղաքացիական ակտիվիստ, որ նախկինում կգար ու կպառկեր ասֆալտին եւ թույլ չէր տա, որ քաղաքացու հանդեպ ոչ իրավաչափ ուժ կիրառեն` չտեսա:

Մի երկուսն էլ որ կային` հեռվից դիտորդություն էին անում ու մեղադրում էին ցուցարներին: Ու՞ր էիք դուք, երբ ոստիկանը ոտքերով հարվածում էր քաղաքացուն եւ լավ է, որ այսօր ոստիկանապետի հրամանով այդ ոստիկանի լիազորությունները դադարեցվել են:

Երեկ մենք այնտեղ էին ոչ որպես արբիտր, որ որոշեինք ով է իրավացի` քաղաքապետարա՞նը, թե՞ ցուցարարները: Երեկ մենք այնտեղ էինք, որ մեզանով կանխենք բախումները, որպեսզի շատ ավելի վտանգավոր զարգացումներ չլինեն:

Ու զարմանալիորեն նախկին քաղակտիվիստներից, որոնց մի մասը հիմա խորհրդարանում է, իսկ մյուս մասը չգիտեմ ուր, մարդ չկար: Երեկ պետք չէր լիներ «կողմ» ու որոշել՝ ո՞վ է իրավացի` քաղաքապետարանը, թե մարդիկ, ոչ սրճարանների սեփականատերերը, սովորական մարդիկ, ովքեր պայքարում էին իրենց աշխատատեղը չկորցնելու համար: Երեկ պետք էր ընդամենը լինել ոստիկանների եւ ցուցարարների արանքում` բախումը կանխելու համար»: