ԱՄՆ-ը ցանկանում է մայիսին 20 տոկոսով կրճատել Իրանից հում նավթի արտահանումը մինչեւ օրական 1 մլն բարելից ցածր՝ պահանջելով ներմուծող երկրներից նվազեցնել գնումները՝ խուսափելու համար ԱՄՆ պատժամիջոցներից, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով  հարցին ծանոթ երկու աղբյուրի։

«Ներկայում նպատակն այն է, որպեսզի կրճատվի իրանական նավթի արտահանումը մինչեւ օրական մեկ միլիոն բարելից էլ պակաս»,- ասել է աղբյուրներից մեկը՝ հավելելով, որ Թրամփի վարչակազմը մտահոգ է, որ իրանական նավթի արտահանման լրիվ դադարեցման ձգտումը կարճատեւ հեռանկարում կհանգեցնի նավթի գնի գլոբալ թռիչքի։

Աղբյուրների տվյալներով՝ Վաշինգտոնը կարող է նաեւ մերժել որոշ երկրներին պատժամիջոցներից ազատելու հարցում։

«(Իրանական նավթի արտահանման) զրոյացումը կարող է դժվարին լինել»,- ասել է աղբյուրներից մեկը՝ ավելացնելով, որ Brent տեսակի նավթի գինը միջազգային մակարդակով ՝ մեկ բարելը 65 դոլարով, «նավթի գների հարմարավետության գոտու վերին շեմն էր Թրամփի համար»։