Եթե ուզում են կանաչապատեն տարածքը, թող ցանկապատից ներս բոլորը քանդեն ու կանաչապատեն. եթե քաղաքապետն ասում է, որ պրոցեսը շարունակական է լինելու, թող կազմակերպի հանդիպում այստեղի բոլոր սեփականատերերի հետ, իսկ այս ամեն ինչն ուղղակի շոու է: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Օպերայի հարակից տարածքում գտնվող «Ատլանտիկ գարդեն» սրճարանի սեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանը:

«Օրինակ՝ ինչքանո՞վ է հաճելի, որ այսօր այս վիճակն է այստեղ: Ի՞նչի համար է այս ամենն արվում, որ վանդալիզմը շատանա՞: Երկու օր առաջ, երբ խնդրեցինք, որ քաղաքապետի հետ հանդիպում կազմակերպեն, այդպես էլ հանդիպում չեղավ: Կենտրոնի ղեկավարը մեզ խոստացավ, որ երկու օր ժամկետում կխորհրդակցի քաղաքապետի հետ, կասի մեր հետագա քայլերի մասին, բայց երեկ առավոտյան տեսանք, որ ապամոնտաժվում է»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե իրենց ժամանակ էին տվել, Ղազարյանը ասաց. «Ժամանակ չեն տվել: 15 օր առաջ ենք մենք ստացել այդ ծանուցումները, որ ողջամիտ ժամկետներում ապամոնտաժեք: Ինձ համար ողջամիտ ժամկետը մեկ տարին է, կողքի սրճարանի համար միգուցե երեք տարին է, թող նշեին, ասեին` 10 օրվա մեջ, մենք էլ ասեինք՝ տասն օրվա մեջ չենք կարող»:

Նա տեղեկացրեց, որ իրենք ի սկզբանե խնդրել են ժամկետ, ասել են` թողեք այս սեզոնին մենք աշխատենք, հոկտեմբերին կապամոնտաժենք, իսկ այն ինչ հիմա արվում է, վանդալիզմ է: Էլզաբեթ Ղազարյանը նաեւ ընդգեց, որ իրենց որեւէ մեկը որեւէ տարածք չի առաջարկել:

Անդրադառնալով քաղաքապետարանի պնդումներին, թե այս սրճարաններում 300-400 աշխատողներ չկան, նա ասաց. «Մեզ մոտ ձմռանն ունենք 10 աշխատող, սեզոնին ունենում ենք 28 աշխատող: Ես չեմ մեծացնում թվերը: Մենք ցանկացել ենք ընդամենը մարդկային վերաբերմունք, երեկ, առաջին օրը մենք վրդովված ենք եղել, բայց դա նորմալ է, որովհետեւ մեր գույքն ավերում էին»,- ասաց նա:

Էլիզաբեթ Ղազարյանն ասաց, որ իրենց սրճարանում է նոր կառավարությունը նշել իր հաղթանակը: «Ամենադաժանն այն էր, որ առաջինը քանդել են հենց այս սրճարանը: Այնպես են արել, որ կողքի բոլոր սրճարանների համար դարձել ենք ծիծաղի առարկա: Որովհետեւ մեզ հեղափոխության օրերին ասում էին` մի արեք, մի գոռացեք, մենք ասում էինք, որ ուզում ենք երկրում բան փոխվի: Իմ աշխատողներն ամեն օր ճամփա էին փակում, իրենք պաշտոն չեն ուզել մնացածի նման, ուզել են ընդամենը թողնեն, որ աշխատեն»,- եզրափակեց նա: