Մարտի 12-ից 14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:

Ժողովի նիստերն ատենապետեցին Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Եռօրյա ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կազմակերպա-իրավական, կանոնական, կարգապահական, սոցիալական եւ Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր:

Ժողովի սկզբում անդրադարձ կատարվեց մարտի 8-ին վախճանված Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք երջանկահիշատակ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի վերջին օծման եւ հուղարկավորության արարողություններին: Տեղեկացվեց, որ առաջիկա օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը կմեկնի Ստամբուլ մասնակցելու Մեսրոպ Պատրիարքի հուղարկավորությանը եւ սգացյալ ժողովրդին փոխանցելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի վշտակցության խոսքը: Պատվիրակության կազմում ընդգրկված են Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ  արքեպիսկոպոս Չուլջյանը եւ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Ազգային-Եկեղեցական ժողովի (ԱԵԺ) գումարման կազմակերպչական աշխատանքների ընթացքի մասին զեկույցով հանդես եկավ ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` հանգամանորեն ներկայացնելով ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի, ինչպես նաեւ օրակարգի հարցերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթ հանձնախմբերի աշխատանքների ընթացքը:

ԳՀԽ անդամները լսեցին նաեւ Մայր Տաճարի վերանորոգության ընթացքի մասին զեկույցը: Տաճարի վերանորոգության նախագծի ճարտարապետ Ամիրան Բադիշյանը եւ Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանն անհրաժեշտ լուսաբանությունները տվեցին տաճարի ամրակայման եւ վերանորոգության, նաեւ հընթացս աշխատանքների ծագող նոր խնդիրների մասին: Տեղեկացվեց, որ տաճարի ներքին աշխատանքները ծրագրվում է ավարտել 2020 թվականին: 

Նկատի ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովի նախապատրաստական աշխատանքների ծավալը եւ ժամանակատարությունը, ինչպես նաեւ Մայր Տաճարի վերանորոգման ընթացքը` Գերագույն հոգեւոր խորհուրդը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ որոշեց Ազգային-Եկեղեցական ժողով գումարել 2020 թ. նոյեմբերի 1-8-ը:

Մայր Տաճարի նորոգության պատճառով նպատակահարմար նկատվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-ամյակին նվիրված հանդիսությունները եւս անցկացնել առաջիկա տարի:

Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցի-պետություն հարաբերություններին, տեղեկացվեց ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի մասին, որի նպատակն է առավել զորացնել եկեղեցի-պետություն գործակցությունը ի նպաստ երկրի հզորացման: Գոհունակությամբ լսելով զեկույցը` ԳՀԽ անդամները կարեւորեցին պետության հետ գործակցությունը եւ հաջողություններ մաղթեցին նորակազմ աշխատանքային խմբի աշխատանքներին:

Գերագույն հոգեւոր խորհուրդը զեկույց լսեց Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի վերաբերյալ, որը համակարգվում է «Դավիդյան» հիմնադրամի նախագահ եւ բարեգործ Ասո Դավիդյանի կողմից: Տեղեկություններ տրվեցին կատարված աշխատանքի եւ առաջիկա անելիքների մասին։ Վերջում Վեհափառ Հայրապետը Գերագույն հոգեւոր խորհրդի անունից գնահատանք հայտնեց համակարգող խմբին իրենց ջանադիր ծառայության համար։

Կոմիտաս Վարդապետի եւ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված միջոցառումների ծրագիր-առաջարկ ներկայացրեց հոբելյաններին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Քննարկումների արդյունքում Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշեց տարվա կտրվածքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ թեմերում կազմակերպել հիշատակի արարողություններ եւ հոգեւոր-մշակութային, գիտակրթական, գեղարվեստական, ճանաչողական միջոցառումներ:

2019 թվականը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես Ընտանիքի տարի: Այս շրջանակներում ժողովականները անդրադարձ կատարեցին հայ ընտանիքի առջեւ ծառացած արդի խնդիրների հաղթահարման գործում Հայոց Եկեղեցու հովվական առաքելությանը հայրենիքում եւ սփյուռքում` որդեգրելով Մայր Աթոռի եւ թեմերի կողմից իրականացվելիք մի շարք հոգեւոր, սոցիալական, գիտա-ճանաչողական, հովվական, քարոզչական ծրագրեր:

Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին ներկայացվեց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2018 թվականի գործունեության տեղեկագիրը: Ժողովականները քննության առան նաեւ Մայր Աթոռի գործունեության ֆինանսական հաշվետվությունը եւ Վերստուգիչ հանձնախմբի տարեկան զեկույցը:

Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով եւ «Պահպանիչ» աղոթքով: