Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից երեկ Հ1-ի եթերում հնչած հայտարարությունների մեծ մասը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Օպերայի հարակից տարածքում գտնվող «Ատլանտիկ գարդեն» սրճարանի սեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանը:

«Իրենք անընդհատ նշում են ապօրինի շինությունները. ապօրինի շինությունները չեն կարող Կադաստրով վարձակալության վկայականներ ունենալ: Մեր սրճարանը վարձակալության հիմունքներով է ու տրված է Կադաստրով: Նորից եմ ասում՝  եթե նախկին իշխանությունն է տվել, դեռ չի նշանակում, որ ապօրինի է»,- ասաց Էլիզաբեթ Ղազարյանը:

 «Ես բոլորից ուզել եմ ընդամենը մեկ թուղթ՝ քաղաքապետի որոշումը, որ դուք այսօր իրավունք ունեք ապամոնտաժելու: Ինձ ոչ ոք նման թուղթ ցույց չի տվել: Այստեղ շատրվան կա, որ 25 հազար դոլար արժեք ունի: Ինքը մեզ ժամանակ չի տվել, որ շատրվանը հանենք»,- ասաց նա:

Էլիզաբեթ Ղազարյանը վստահեցրեց, որ պատրաստվում են դատարան դիմել իրենց գույքը փչացնելու համար, քանի որ նախորդ օրերի ընթացքում ապամոնտաժման աշխատանքների ժամանակ վնասվել են իրենց սրճարանի սեղան-աթոռները:

Նա նշեց, որ իրենց պայմանագրում նշված է, որ սրճարանը կարող են ապամոնտաժել երեք ամիս առաջ մեզ տեղեկացնելուց հետո միայն:

Ինչ վերաբերում է պնդմանը, որ  90 հազար դրամով են վարձակալել տարածքը, Ղազարյանն ասաց, որ իրոք, այս հատվածի վարձակալությունը եղել է 90 հազար դրամ. «Բայց ընդհանուր «Ատլանտիկի» ողջ տարածքի համար ամսական վճարումը 1-2 մլն դրամից շատ է. «Ես հարց եմ տալիս՝ եթե ձեզ ասեին, որ այդ տարածքի վճարը 90 հազար դրամ է, դուք պետք է ասեիք՝ չէ, ես 1 մլն եմ ուզում վճարե՞լ: Ցանկացած մարդու, որ կանչեն ասեն՝ վերցրու այս տարածքը, վերցնելու էր»:

Նա անդրադարձավ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին՝ նշելով. «Ինքն էլ Խանջյանի վրա երեք հարկանի շինություն ունի վերցրած: Ես չգիտեմ՝ դա օրինական է, թե օրինական չի: Գուցե նախկին իշխանությունը դա օրինականացրել է: Դա ինձ չի վերաբերում»: