Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը համագործակցում է ռազմավարական գործընկերների հետ, որպեսզի մանրամասն տեղեկություններ ստանա Նոր Զելանդիայում ահաբեկչությունից հետո ձերբակալված անձանց եւ առգրավված զենքի մասին, հայտնում է «Նովոստի-Գուզիան»՝ վկայակոչելով ՊԱԾ հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայում անհայտ անձինք կրակոցներ էին արձակել Քրայսթչերչ քաղաքի 2 մզկիթում: Ըստ վերջին տեղեկությունների՝ հարձակման հետեւանքով զոհվել է 49 մարդ, եւս մոտ 20-ը տեղափոխվել է հիվանդանոցներ: Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են անվանել: Ոստիկանությունն առայժմ ստույգ չգիտի, թե հարձակմանը քանի մարդ է մասնակցել, բայց արդեն 4 կասկածյալի է կալանավորել՝ 3 տղամարդու եւ մեկ կնոջ:

«Արտասահմանյան լրատվամիջոցներում հրազենի պահունակների լուսանկարներ են հրապարակվել, որն օգտագործվել է ահաբեկչական հարձակման ժամանակ: Դրանց վրա եղել են խորհրդանիշներ եւ տարբեր լեզուներով գրառումներ, այդ թվում՝ վրացերեն: ՊԱԾ-ն արդեն համագործակցում է ռազմավարական գործընկերների հետ՝ մանրամասն տեղեկություններ ստնալու համար»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:

Ահաբեկչական հարձակման հետ կապված՝ Պետանվտանգության ծառայությունը ցավակցություն է հայտնել Նոր Զելանդիայի բնակիչներին:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում հրապարակված զենքի պահունակների լուսանկարներում տարբեր լեզուներով գրառումներ են եղել, այդ թվում՝ հայերեն: Վրացերեն գրված են եղել Դավիթ Աղմաշենեբելի թագավորի եւ Թամար թագուհու ամուսնու՝ Դավիթ Սոսլանի անունները: Դրանից բացի, ինքնաձիգի վրա ռուսերեն գրված էր՝ «Ճակատամարտ Քարգուլի մոտ 1770»՝ սա ռուս-թուրքական պատերազմին է վերաբերում, ինչպես նաեւ «Ճակատամարտ Բուլաիրի մոտ 1913»: Լրատվամիջոցներում կարծիք է հայտնվել, որ հրաձիգն այս կերպ նշել է «եվրոպական քաղաքակրթության կայացման առանցքային պահերը»: