ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն այսօր ընդունել է Հնդկաստանից ժամանած գործարարների խմբին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներդրողները նշել են, որ մտադիր են Հայաստանում ներդրումներ անել մի քանի ոլորտներում, մասնավորապես՝ նրանք հետաքրքրված են առեւտրի, ծառայությունների մատուցման, արդյունաբերության ոլորտներով։

Նախարարի տեղակալը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչությունները եւ արտաքին արտոնյալ շուկաները։ Ավագ Ավանեսյանը ներդրողների ուշադրությունն է հրավիրել պետության կողմից ներդրումային ծրագրերին տրվող արտոնություններին։

Գործարարները հարցեր են ուղղել Հայաստանում հարկային եւ մաքսային կարգավորումների, ներդրումային օրենսդրական դաշտի վերաբերյալ։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են արդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրին առնչվող հարցերին, որով նախատեսվում է հիմնել մետաղական ամրանների եւ ամրաձողերի արտադրություն։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ներդրողներին հետաքրքրող ծրագրերի եւ կարգավորումների շուրջ։