Հունգարիայի ժողովուրդը նոր առաջնորդներ եւ «նոր մեկնարկ» է ուզում Եվրոպայի համար, որպեսզի կանգնեցվի «մայրցամաքի անկումը»։ Եվրախորհրդարանի մայիսյան ընտրություններին ընդառաջ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ «Եվրոպայում չի լինի ազատ կյանք առանց քրիստոնեական մշակույթի», տեղեկացնում է AP-ը։

Նա նշել է, որ հպարտանում է Հունգարիայի դերով մայրցամաք «ներգաղթյալների ներխուժման» կանխման գործում։ 2015-ին Հունգարիան պարիսպներ կառուցեց իր հարավային սահմաններին, որպեսզի կանգնեցնի ներգաղթողների հոսքը։

Նշենք, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտադիր է քննարկել  Օրբանի «Ֆիդես» կուսակցությունն իր շարքերից հեռացնելու հարցը։ ԵԺԿ որոշ անդամներ կարծում են, որ Օրբանը շեղվել է քրիստոնեա-դեմոկրատական արժեքներից ներգաղթի դեմ հռետորաբանությամբ եւ ավտոկրատ ոճով։

Հիշեցնենք, որ հենց Վիկտոր Օրբանի օրոք Հունգարիան Բաքվին հանձնեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում ՆԱՏՕ դասընթացների ժամանակ։ Հայրենիք վերադառնալուն պես Սաֆարովը հերոսացվեց եւ ներման արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։