Մարտի 14-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Ռուսթավելու եւ Հակոբյան փողոցների խաչմերուկում վիճաբանություն է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված վայր մեկնած ոստիկանները նկատել են, որ վիճաբանության ժամանակ 1968 թ. ծնված Հովհաննես Տ.-ն բռունցքով հարվածում է 1989 թ. ծնված Սերգեյ Մ.-ին: Հովհաննես Տ.-ին բերման են ենթարկել, իսկ Սերգեյ Մ.-ին հրավիրել են բաժին եւ ոտքի շրջանում առկա վնասվածքով տեղափոխել «Գյումրի» Բ/Կ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «աջ ծնկան հոդի կտրած-ծակած վերք, ձախ ազդրի ստորին երրորդի առաջնային մակերեսի նստատեղի կտրած-ծակած վերքեր»:

Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 18.35-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Խաչատուր Ս.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Ռուսթավելու եւ Հակոբյան փողոցների խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, Սերգեյ Մ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքները պատճառել է ինքը, ինչից հետո դանակը Ա.Մանուկյան փողոցի կամրջից նետել է Գյումրի գետակը:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: