ԱՄՆ դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ արտացոլվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումներում։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների մասին հերթական զեկույցում առկա ձեւակերպումները։

«Դրանում որևէ նորությունչ չկա, սա տարիներ շարունակ կրկնվող ձեւակերպում է: Գիտեք, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ երկիր է եւ այս շրջանակներում ջանքեր է գործադրում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արտահայտվում է եռանախագահների համակարգված դիրքորոշմամբ: Գիտեք նաև, որ Հայաստանը բազմիցս իր աջակցությունն ու հանձնառությունն է հայտնել համանախագահների հովանու ներքո հիմնահարցի կարգավորմանը»,- ասել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ զեկույցում տեղ է գտել «անջատողականներ» հիշատակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության հասցեին։