Հնդկական թերակղզու Արեւմտյան Գաթեր լեռներում Ջորջ Վաշինգտոնի համալսարանի (ԱՄՆ) եւ Հնդկական ինստիտուտի գիտնականների թիմը նոր գորտեր է հայտնաբերել, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։ Այդ հողաջրային կենդանիներն այնքան փոքր են, որ կարող են տեղավորվել եղունգի վրա։ Մանրությունը միակ պատճառը չէ, որ ավելի վաղ դրանք չեն հայտնաբերվել։

Նոր գորտերը եզակի գունավորում ունեն։ Նրանց մեջքը դարչնագույն է, փորը՝ նարնջագույն, իսկ կողքից նրանք ծածկված են սպիտակ կետիկներով, որոնք հեռվից աստղեր են հիշեցնում։ Նման զգեստավորումն օգնում է աննկատ տեղաշարժվել տերեւների միջով։ Հողաջրային կենդանիներին տվել են գաճաճ աստղային գորտեր անվանումը։ Նրանք Astrobatrachinae ենթաընտանիքի միակ ներկայացուցիչներն են։ Մասնագետները մի քանի գորտ են վերցրել ուսումնասիրելու համար։