Դիլիջանի թունելի լուսավորությունն այսուհետ ապահովված կլինի  «LED» լամպերով։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը թունելը սպասարկող «Ճանապարհ» ՍՊ ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանին հանձնարարել է թունելի պահպանման եւ սպասարկման միջոցների հաշվին եղած լուսատուները փոխարինել ժամանակակից,  ավելի հզոր լուսատուներով, իսկ անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը:

Սեղմ ժամկետներում՝ փուլ առ փուլ, նոր լուսատուներով կփոխարինվեն նաեւ Պուշկինի եւ Նալբանդի թունելները: Նշենք, որ թունելներում  ժամանակակից լուսատուների փոխարինումը իրականացվում է առանց ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ  ֆինանսավորման։