Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում այսօր՝ մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի թիմի հետ համատեղ ՊՆ վարչական համալիրում անցկացրել է Բարեվարքության ամրապնդման ծրագրի բարձրաստիճան առաջնորդների օրվա խորհրդաժողով՝ նվիրված բարեվարքության եւ լավ կառավարման բարեփոխումների հարցերին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

Խորհրդաժողովին մասնակցել են ՀՀ պաշտպանական գերատեսչության եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ՝ բարեվարքության, թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքները՝ որպես կայուն բարեփոխումների համար կարեւոր գործոններ ուսումնասիրելու նպատակով:

Քննարկման հիմնական թեման էր առաջնորդների առանցքային դերը բարեփոխումների խթանման գործում: Ներկայացվել է նաեւ ՀՀ ՊՆ համագործակցությունը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի հետ:

Խորհրդաժողովի մասնակիցներն անդրադարձել են նաեւ քաղաքական մակարդակում փոփոխությունների համար անհրաժեշտ նախապայմաններ ստեղծելու հարցին: Կարեւորվել է ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում բարեվարքության սկզբունքների ներառումը, ինչը կխթանի բարեվարքության բարեփոխումները քաղաքական մակարդակում եւ կամրապնդի բարեվարքության մշակույթը:

Խորհրդաժողովը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի` Հայաստանում տեղի ունեցած առաջին բարձրաստիճան միջոցառումն էր 2013 թվականից՝ ծրագրին ՀՀ պաշտպանության նախարարության միանալուց ի վեր: 2016թ.-ին ՆԱՏՕ-ն, Պաշտպանության նախարարության կողմից լրացված ինքնագնահատման հարցաշարի առավել խորը եւ հանգամանալից ուսումնասիրության նպատակով, իրականացրեց փորձագիտական խմբի այց Հայաստան: Ինքնագնահատման գործընթացը եւ փորձագիտական վերանայումը Բարեվարքության ամրապնդման ծրագրի հիմնաքարն են եւ հիմք են ապահովում թե´ ինստիտուցիոնալ, եւ թե´ անհատական մակարդակներում բարեվարքության եւ լավ կառավարման հարցերում ՆԱՏՕ-ի հասցեական աջակցությունից օգտվելու համար: Միջոցառմանը մասնակցել են Պաշտպանության նախարարության, Անվտանգության խորհրդի, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, Զինվորական դատախազության, Քննչական կոմիտեի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, Արտաքին գործերի նախարարության, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եւ փորձագետներ: Միջոցառման ավարտին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին է հանձնվել Բարեվարքության ամրապնդման ծրագրի ինքնագնահատման լրամշակված հարցաշարը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացված Բարեվարքության ամրապնդման ծրագրի բարձրաստիճան առաջնորդների օրվա խորհրդաժողովի ավարտին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին եւ միջազգային փորձագետներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: